Կազմակերպության պատմություն

Փողոցներում զինվորականների շուրջկալներ էին, որոնց մեջ ընկած տղամարդկանց ուղիղ ճակատ էին ուղարկում հայ-ադրբեջանական պատերազմ, կրոնական համայնքների ջարդ էր. երկարապահ կամավորականները (պաշտպանության նախարարին պատկանող պատերազմի վետերանների կազմակրպություն) ներխուժում էին կրոնական կազմակերպությունների տարածքները, ծեծում հավատացյալներին ու գույքը հափշտակում, տղամարդկանց տանում զինվորական ոստիկանություն: Կատարվում էին առաջին համատարած ընտրակեղծիքները Ազգային ժողովի ընտրություններում, և ընտրակեղծիքով պարտադրվեց նախագահին միապետի լիազորություններ տվող սահմանադրությունը, քաղաքական անհնազադության համար քաղաքական գործիչներին ձերբակալում էին:

1995 թվականն էր` Անկախ Հայաստանի պատմության մեջ մարդու իրավունքների ոտնահարումների գագաթնակետի տարին: Առանձին լրագրողներ հոդվածներով, հասարակական ու քաղաքական ակտիվիստներ հայտարարություններով ու փոքրիկ ցույցերով փորձում էին դիմագրավել իշխանության ճնշումներին, սակայն դիմադրությունը հսկա պետական մեքենայի դեմ չնչին արդյունքներ էր տալիս: Նրանք որոշեցին միավորել ուժերն ընդդեմ պատժիչ ու ճնշող համակարգի: 1995 թվականին ստեղծվեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեն (ՀՀԿ): Անվանումը խորհրդանշում է խորհրդային ժամանակների իրավապաշտպան շարժումը, այսուհանդերձ այն նաև գործնական նշանակություն ունի: Հայաստանն արդեն ստորագրել էր մարդու իարվունքներին վերաբերող միջազգային պայմնագրեր, իր ցանկությունն էր հայտնել դառնալ Եվրոպայի խորհրդի անդամ, և Հայաստանի Հելսինկյան կոմիտեն մարդու իրավունքների ոլորտում երկրի ստանձնած պարտավորությունները հսկողի դերն էր ստանձնում ու աջակցում մարկանց իրավունքների պաշտպանությանը: ՀՀԿ կողմից առաջին հայտարարությունն արվեց փախստականների վերաբերյալ, որոնց իրենց կացարաններից իշխանությունը փորձում էր վտարել:

ՀՀԿ-ն իր գործունեության ընթացքում հանդես է եկել տասնյակ հայտարարություններով` պաշտպանելով փախստականների, կրոնական կազմակերպությունների և հավատացյալների, քաղաքական հալածանքների ենթարկվողների, զինվորական ծառայության մեջ գտնվողների, երեխաների իրավունքները: ՀՀԿ-ն մարդու իրավունքների զանգվածային, քաղաքական հետապնդումների ժամանակ մշտապես հանդես է գալիս նրանց իրավունքի պաշտպանությամբ, կազմակերպում է պիկետներ, հանրահավաքներ, անցկացնում է մամուլի ասուլիսներ և այլ հասարակական նախաձեռնություններ: ՀՀԿ անդամները որպես հասարակական պաշտպաններ և հասարակական ներկայացուցիչներ ստանձնեցին 1996թ. Նախագահական ընտրություններից հետո կալանավորված քաղբանտարկյալների պաշտպանությունը դատարաններում:

ՀՀԿ-ն 1996 թվականին սկսեց հրատարակել առաջին իրավապաշտպան պարբերականը` «Տեղեկագիր» անվամբ: Նրա փաստացի շարունակությունը դարձավ «Դիտորդ» ամսագիրը:

1998-ին Հելսինկյան կոմիտեի նախաձեռնությամբ առաջին անգամ հրապարակային քննության ենթարկվեց հայկական բանակում խաղաղ պայմաններում սպանությունների թեման: Հրավիրված էին սպանված զինծառայողների ծնողները, որոնց որդիների սպանության համար որևէ մեկը պատասխանատվության չէր ենթարկվել: Հանդիպմանն ընդունվեց հայտարարություն, որն առաջացրեց ևʹ իշխանությունների, ևʹ քաղաքական այլ շրջանակների զայրույթը, բայց բանակում սպանությունների թեման հրապարակայնորեն քննարկելու նկատմամբ մինչ այդ իշխող արգելքը հաղթահարվեց: Սպանված զինծառայողների ծնողները միավորվեցին և ստեղծեցին «Զինվոր և իրավունք» հասարակական կազմակերպությունը: ՀՀԿ-ն «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության հետ անցկացրել է ցուցահանդես-ակցիա անտառահատումների դեմ: Իր ստեղծման օրվանից Հայաստանի Հելսինկյան կոմիտեն մշտական մոնիթորիգ է կատարում Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ և տարեկան ներկայցնում հաշվետվություն:

2005 թվականից ՀՀԿ-ն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ապա Եվրոպական միության և Բաց հաասարակության ինստիտուտի օժանդակությամբ անցկացնում է կրթական ծրագրեր ՀՀ մարզային հասարակական կազմակերպությունների անդամների և երիտասարդ լիդերների համար, որոնց ընթացքում մասնակիցները ստանում են գիտելիքներ և հմտություններ մարդու իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմների, խախտումների, մոնիթորնգներ իրականացնելու, զեկույցներ կազմելու, հասարակական պաշտպանության ակցիաներ իրականացնելու, հասարակական կազմակերպություններ ստեղծելու և հզորացնելու վերաբերյալ: