Հելսինկյան շարժման պատմություն

1975 թվականին Հելսինկիում եվրոպական երկրները կնքեցին Հելսինկյան համաձայնագիրը, որով յուրաքանչյուր երկիր պարտավորվում էր պաշտպանել մարդու իրավունքները։ Սովետական Միությունը միացել էր այս համաձայնագրին, քանի որ այն ճանաչում էր սահմանների անձեռնմխելիությունը և փաստորեն հետպատերազմյան Սովետական սահմանները։
1976 թվականի մայիսի 12-ին, Մոսկվայում պրոֆեսոր Յուրի Օռլովը հայտարարեց Հելսինկյան համաձայնագրի պարտավորությունների կատարմանն աջակցող մոսկովյան խմբի ստեղծման մասին։ Այսպիսով սկսվում էր Սովետական Միությունում իրավապաշտպան Հելսինկյան շարժումը։ Իրար հետևից ստեղծվեցին ուկրաինական, լիտվական, վրացական և հայկական հելսինկյան խմբեր։

Հայկական հելսինկյան խումբն իր գործունեության մասին հռչակեց 1977 թվականի ապրիլի մեկին։ Հիմնադիրն էր Շահեն Հարությունյանը, նախագահը` հանգուցյալ Էդուարդ Հարությունյանը։
Շահեն Հարությունյանը Ստեփան Զատիկյանի, Հայկազուն Խաչատրյանի հետ 1966 թվին հիմնադրել է Ազգային միացյալ կուսակցությունը, որի նպատակն էր Հայաստանի անկախությունը, հրատարակել «Փարոս» սամիզդատը։ Երեքն էլ ձերբակալվում են ու դատապարտվում են տարբեր տարիների ազատազրկման հակասովետական ագիտացիա և պրոպագանդա հոդվածով։

Հարությունյանն ազատվելուց հետո ԿԳԲ-ի մշտական հսկողությունից ազատվելու համար հայտարարում է, որ հրաժարվում է սովետական քաղաքացիությունից ու մեկնում Մոսկվա` Գերմանիայում քաղաքական ապաստան ստանալու համար դիմում հղելու Գերմանական դեսպանատանը։ Այստեղ հանդիպում է իրավապաշտպաններ Լյուդմիլա Ալեքսեևայի և Յուրի Օռլովի հետ, իմանում Հելսինկյան խմբի մասին և որոշում Հայաստանում էլ ստեղծել նման խումբ։ Վերադառնալով Երևան` առաջարկում է համալսարանի դասախոսներ Էդմոն Ավետյանին եւ Ռաֆայել Պապայանին ստեղծել Հայաստանի հելսինկյան խումբ։ Հարությունյանն ասում է, որ սկզբում նրանք համաձայնվեցին, իսկ հետո ասացին, որ կուզեին իրենց անունները հայտարարության տակ չգրվեն։ Այսուհանդերձ ստեղծվում է չորս հոգանոց Հայաստանի Հելսինկյան խումբը` նախագահ` տնտեսագետ Էդուրադ Հարությունյան, անդամներ` Շահեն Հարությունյան, ֆիզիկոս Ռոբերտ Նազարյանը, պոլիտեխնիկի ուսանող Սամվել Օսյան։

«Ես գրեցի դեկլարացիան, -պատմում է Շահեն Հարությունյանը,- որ մարդու իրավունքները Սովետական Միության մեջ ոտնահարվում են, քաղբանտարկյալներին ազատություն, մարդկանց թույլ չի տրվում երկրից դուրս գալ, տեղեկատվության իրավունք մարդիկ չունեն։ Էդիկ Հարությունյանը առանձին հայտարարություն արեց նաև Ղարաբաղի վերաբերյալ։ Ռոբերտի հետ թռանք Մոսկվա, գնացինք Յուրի Օռլովի տուն, որտեղ պիտի լիներ պրեսկոնֆերանս։ Գլեբ Յակունինը մեր դեկլարացիան մեքենագրեց։ Սկսվեց պրեսկոնֆերանսը, վարում էր Տատյանա Վելիկանովան, ձայն տվեց մեզ, Ռոբերտը կարդաց դեկլարացիան, հետո բաժանեց թղթակիցներին։ Տեքստը ես չունեմ, երևի ԿԳԲ-ում մանցած կլինի»:
Սակայն Լյուդմիլա Ալեքսեևայի «ԽՍՀՄ-ում այլախոհության պատմությունը» գրքից հայտնի է դառնում, որ դեկլարացիան հրատարակվել է Նյու-Յորքոմ Հելսինկյան խմբերի փաստաթղթերի ժողովածուում։ Ալեքսեևայի գրքում ասվում է. «Հայաստանի Հելսինկյան խումբը հրապարկեց դեկլարացիան, որում Հելսինկյան համաձայնագրի նպատակներին ավելացված էր ձգտումը. որ Հայաստանը դառնա ՄԱԿ-ի անդամ, ամբողջ աշխարհով ցրված հայության համազգային նպատակների լուծման համար», հասնել «Ադրբեջանական ՍՍՀ-ին միացված Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի ավտոնոմ մարզի վերամիավորմանը Հայաստանի Հանրապետությանը», «Պահանջել հայերեն լեզվի օգտագործումը Հայաստանի կյանքի բոլոր ոլորտներում»:

Դեկլարացիայից հետո խմբին միանում է հինգերորդ անդամը՝ Համբարձում Խլղաթյանը։

Խումբն ազատ գործում է ինը ամիս։ Դեկտեմբերի 22-ին ձերբակալվում են Շահեն Հարությունյանը և Ռոբերտ Նազարյանը, 1979 թվի հունիսի 13-ին ձերբակալվում է նաև Էդուրադ Հարությունյանը. «Էդիկը տառապում էր, որ իրեն որպես խմբի ղեկավար չեն բռնել,-պատմում է Շահենը,- Ես Սովետաշենի գաղութում էի, եկել էր փշալարերի հետևից գոռում էր՝ Շահեն, քինացել եմ ամեն տեղ դիմել եմ, Սախարովին էլ եմ դիմել»:
Շահեն Հարությունյանի վրա գործ են սարքում, թե իբր խուլիգանություն է արել: «Ինձ փողոցում բռնեցին։ Մի քանի հոգով մոտեցան, մեկն ասեց՝ արա ախպորս դու ես խփել, ու յոթ-ութ հոգով խփելով մտցրին ավտոն»: Շահեն Հարությունյանը դատապարտվում է երեք տարվա ազատազրկման խուլիգանության մեղադրանքով, հակասովետական ագիտացիա և պրոպագանդա հոդվածով Ռոբերտ Նազարյանը դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման և երկու աքսորի, զրպարտության մեղադրանքով Էդուրադ Հարությունյանը` 2,5 տարվա ազատրազրկման։
Էդուրադ Հարությունյանն ազատվելուց հետո նախաձեռնում է նոր հելսինկյան խումբ ստեղծել, սակայն շուտով ձերբակալում են։

Շահեն Հարությունյանն ազատվելուց հետո նախաձեռնում է երկրորդ հելսինկյան խումբը՝ Ժորա Խոմիզուրիի, Ռաֆայել Պապայանի և Էդմոն Ավետյանի հետ, սակայն չեն հասցնում հայտարարություն անել։ ԿԳԲ-ն խուզարկություններ է անում նրանց տներում, հայտնաբերում արգելված գրականություն։ 83 թվին Խոմիզուրին և Պապայանը հակասովետական ագիտացիայի եւ պրոպագանդիայի հոդվածով դատապարտվեցին ազատազրկման, Էդմոն Ավետյանին սկզբում ձերբակալեցին, ապա երկրորդ անգամ փակեցին հոգեբուժարանում, առաջին անգամ տարել էին 48 թվին Ստալինին սպառնալից նամակ գրելու համար։

Ռոբերտ Նազարյանը բնակվում է ԱՄՆ-ում, տաքսու վարորդ է։ Սամվել Օսյանը Վանաձորում փոքրիկ արտադրամաս ունի, Ժորա Խոմիզուրին տարիներ առաջ Երևանից տեղափոխվեց Մոսկվա, Ռաֆայել Պապայանը Հայաստանի սահմանադրական դատարանի դատավոր է, բնակվում է Երևանում։ Էդմոն Ավետյանը մահացավ Երևանում 2002 թվին։

69-ամյա Շահեն Հարությունյանը 85 թվակնաին ԿԳԲ-ի ճնշմամբ մեկնեց ԱՄՆ։ Կրկին վերականգնեց «Փարոս» թերթի հրատարակությունը, որը մի քանի տարի անց փակվեց։ Նախագահն է «Կովկասն առանց պատերազմի» հասարակական կազմակերպության։ 2006-ին այցելեց Երևան։ Հելսինկյան կոմիտեի ներկայացուցչի հետ հանդիպմանն ասաց. «Այն ժամանակ, սովետական տարիներին չկար մարդու իրավունք, որ պաշտպանեիր, հիմա է մարդու իրավունքերի պաշտպանության ժամանակը»:
1995 թվականին ստեղծվեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեն: