Շուռնուխի ծեծկռտուքի «բայց»-ը

Օգոստոսի 3–ին Շուռնուխ գյուղում տեղի ԼԳԲՏ համայնքից 9 հոգու նկատմամբ տեղի  ունեցան բռնություններ, ծեծ ու ջարդ։ Իրավապաշտպանական կառույցները խիստ քննադատության ենթարկեցին դեպքը և պահանջեցին պատժել մեղավորներին։ Հասարակությունից ոմանք, դատապարտելով երևույթը, փորձեցին «բայց»-երով ինչ-ինչ բացատրություններ տալ։ Միանգամից հետևեց միանգամայն իրավացի պնդումը, որ ցանկացած «բայց» քողարկված արդարացնում է բռնությունը։

․․․Բայց, ես էլ եմ ուզում ասել «բայց»։ Բայց արդյո՞ք նույն Շուռնուխ համայնքի բնակիչները նույնպես զոհեր չեն։ Արդյո՞ք նրանք մեր «ավանդական» մտածողության կրողները չեն և համոզված չեն իրենց ճշմարտացիության մեջ։

Եթե, նույնիսկ Երևանում, ուր անհամեմատ մեծ են տեղեկատվության աղբյուրները, հասարակական կազմակերպությունները, այդ թվում ԼԳԲՏ համայնքին պաշտպանող, պետական հիմնական ինստիտուտները, հանրությունը դեռևս ագրեսիվ է տրամադրված նրանց նկատմամբ, էլ ուր մնացին հեռավոր քաղաքներն ու գյուղերը։ Իսկ ի՞նչ աշխատանք է տարվել, հատկապես պետական մակարդակով հանրության շրջանում այդ «ավանդական» կարծրատիպերը փոխելու, երիտասարդությանը կրթելու ուղղությամբ։

Հակառակը, նույնիսկ հակախտրականության մասին օրենքի նախագիծը տարբեր հեռուստաընկերություններով և այլ լրատվամիջոցներով այնպիսի գույներով ներկայացվեց, որ Շուռնուխում տանը նստած գյուղացին սարսափեց։

Կարող էի՞նք, օրինակ 19-րդ դարում մեղադրել Դսեղի գյուղացիներին Մարոյին 9 տարեկան ամուսնացնելու համար։ Իհարկե, պետք է պատժել բռնություն կատարողներին և հրահրողներին, բայց չսահմանափակվել և բավարարվել այդքանով։ Հսկայական բացատրական աշխատանք է պետք տանել։

Ի դեպ, որևէ քաղաքական ուժ, կուսակցություն դատապարտե՞լ է արդյոք սույն բռնությունը։ Որքան ինձ հայտնի է՝ ոչ։ Չէ՞ որ առաջիկայում սպասվում են ընտրություններ, իսկ ժողովուրդը․․․

Ավետիք Իշխանյան

Աղբյուրը՝ factor.am

Share
No comments yet.

Leave a Reply