Ինչպես իրականացնել քրեակատարողական համակարգի բարեփոխումը Հայաստանում. ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունի

Բարեփոխում բառն օգտագործելով մենք նախ և առաջ խոսում ենք մի իրավիճակի մասին, որը փոխվելու է դեպի բարին։ Ո՞րն է այդ իրավիճակը և որո՞նք են այդ իրավիճակի բացասական, կամ մեր ազգային մշակույթին օտար, կամ զարգացած երկրների հետ համահունչ  քայլելուն խոչընդոտող հիմնական բնութագրիչները։

Առանձնացրել եմ 6 բնութագրիչներ՝

ա) հանցագործ անձի ստատիկության վերաբերյալ սխալ ըմբռնման վրա հիմնված տգետ համառությունը,

բ) հանցագործ անձի ձևավորման սխալ պատճառագիտական (զարգացման) ըմբռնումները,

գ) հանրային պատասխանատվության վերաբերյալ ժխտման հակազդեցությունը,

դ) հանրային պախարակման անհրաժեշտության մասին ժամանակավրեպ ըմբռնումները,

ե) պատժի կիրառական նպատակներից ուղղման նպատակի հետապնդման փորձերը ձախողման մատնելու պատվիրանի գոյությունը,

զ) Հայաստանում մարդկային ու խմբային հարաբերությունները կարգավորող մշակույթում հանցածին տարրերի գոյությունը։ Ինչպես տեսնում եք, այստեղ խոսք չկա Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների քչության, կամ Քրեակատարողական  օրենսգրքում ու բանտային կանոններում անտեղի կետերի,  կամ ոչ պրոֆեսիանոլ անձնակազմի  մասին։ Դրանք հեշտորեն լուծվող խնդիրներ են, եթե վերոնշյալ 6 սոցիալ-հոգեբանական ու կրթական բնութագրիչներից հնարավոր լինի ձերբազատվել կամ առնվազն դրանք մեղմացնել։

Ինչպես են այդ վեց երևույթները կիրառական ձև ստանում, և ինչպես է հնարավոր դրանց դեմ պայքարել

Սկսենք առաջինից՝ հանցագործ անձի ստատիկության միֆից.

Խորհրդային քրեաբանությունը հանցագործ անձի վերաբերյալ ունեցել է հստակ ձևակերպված պատկերացում։ Հանցագործն անուղղելի է։ Առանց երբևիցե փորձելու որևէ դատապարտյալի ուղղել, նման որոշում է կայացվել։ Դա թույլ է տվել պատժիչ համակարգին դատապարտյալների նկատմամբ դրսևորել անմարդկային վերաբերմունք։

Ճիշտն ասած, մինչև անցած դարի 90-ականները, իսկապես գոյություն չեն ունեցել ուղղման արդյունավետ մեթոդներ։ Սակայն, սկսած այդ ժամանակներից, արդեն սկսել են հստակեցվել միջամտության էֆեկտիվ ձևերը։ Դժբախտաբար, այդ տարիներին նորանկախ Հայաստանում աչքից բաց է թողնվել այդ զարգացումները` թե՛ կիրառական առումով, այսինքն քրեակատարողական համակարգի մակարդակում, և թե՛ կրթական իմաստով, քրեաբանություն ու իրավաբանական հոգեբանություն առարկաների իմաստով։

Բոլոր այն տերությունները, որոնք համառորեն օգտվել են տարբեր արդյունավետ այդ ձևերից, ի վերջո, փորձարկումներով ու սխալների ուղղման միջոցով կարողացել են ստեղծել իրենց մշակույթին համապատասխանող պատժական դոկտրինա և համակարգ։ Սակայն, կարևոր է նշել, որ հեշտ չի եղել «դատապարտյալն անուղղելի է» կարգախոսից ձերբազատվելը նաև այնպիսի տերություններում, ինչպիսիք են օրինակ Գերմանիան ու Ֆրանսիան։ Նման պետություններում կարգախոսը մի քիչ տարբեր է եղել՝ «ոչինչ արդյունք չի տալիս»։ Այս կարգախոսը ենթադրել է տալիս, որ այդ պետություններում առնվազն փորձ է կատարվում բացահայտել ճիշտ ձևը։ Այդ որոնումների փուլով են անցել բոլոր այն տերություները, որոնցում ուղղման համակարգի միջոցով ռեցիդիվի տոկոսները կտրուկ նվազել են։ Փաստորեն, բոլորի պարագայում էլ առաջին քայլը «դատապարտյալն անուղղելի է» կարգախոսից ձերբազատվելն է եղել, մի բան, որի համար մենք նույնպես պետք է պայքարենք։

Դատապարտյալն իրո՞ք  ուղղելի է

Եթե մի պահ կտրենք մեր հայացքը ԱՄՆ-ի ու Ռուսաստանի քրեակատարողական պրակտիկաներից ու պատկերացումներից և կենտրոնանանք Հոլանդիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի ու Շվեյցարիայի վրա, կնկատենք, որ քրեակատարողականը գործում է բացառիկ արդյունավետությամբ։ Ի տարբերություն այս պետությունների`քրեակատարողական համակարգերին որոշ չափով զիջող Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Բելգիայի ու Կանադայի նման պետությունների քրեակատարողական համակարգերի, այստեղ գործում է հանցագործ անձի ուղղման այնպիսի ըմբռնում, որը հիմնված է զարգացման հոգեբանության վրա։ Դա խիստ արդյունավետ ձև է, սակայն հաճախ դժվար է դրա նախադրյալը համարվող հիմնական միտքը ընդունելի համարել։

Այդ միտքը հետևյալն է՝ քաղաքացին եթե հանցանք է գործել, դրանում գլխավոր հանցավորը ոչ թե ինքն է, այլ՝ պետությունը։ Դատապարտյալին ընդունելիս նրանք նախ և առաջ ներողություն են խնդրում և ընդունում, որ աչքաթող են արել նրա մանկության, պատանեկության և վաղ երիտասարդական տարիներին սոցիալական ուսուցման շրջանակներում իր կրած տրավմաներն ու սխալ ընտրանքների մղող այլևայլ հանգամանքները։ Ապա բացատրում են, որ այդ ամենը կարելի է ուղղել։ Առաջարկում են հոգեփոխման շատ հստակ ճանապարհներ։ Ու հատկապես նրան բացատրում են, որ պատիժը ոչ թե սոցիալական պախարակում է, այլ պետության կողմից հանրության սխալ վերաբերմունքի սրբագրման առիթ։ Հանցագործից խնդրում են ներել պետությանը, որ նրան հասցրել են հանցագործության, և թույլ տալ, որ պետությունը նրան փոխհատուցի։

Ի՞նչն է նման ծայրահեղ մոտեցում ծնել այդ պետություններում

 Պարզապես այն, որ այդ երկրներում ազատազրկումը հիմնականում հիմնվում է ոչ թե պետության պատժելո՛ւ մենաշնորհի, այլ՝ հոգատար լինելու մենաշնորհի վրա, որովհետև նման պետություններում դատապարտյալի հաջորդ (տեսականորեն ենթադրվող) զոհը շատ ավելի մեծ կարևորության է արժանանում, քան նախորդը։ Պարզ չէ՞, որ այստեղ խոսքը ոչ թե հանցագործին տանջելու, այլ՝ հանցագործության դեմ պայքարի մասին է։ Սա պրագմատիկ մոտեցում է, որը հիմնավորված է թե՛ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու սահմանադրական պահանջի վրա, թե՛ կամքի մակարդակում հանցագործի դիտավորությունը զարգացման հոգեբանության փոփոխելիներից բխեցնելու փիլիսոփայական ճիշտ մոտեցման վրա, թե՛ դատապարտյալի հաջորդ հանցանքի հետևանքով ու դրան հաջորդող պետական ծախսերի խնայման հաշվարկի տնտեսական մոտեցման վրա, թե՛ քրեաբանական այն նոր մոտեցումների վրա, որոնք ոչ թե իշխանությունների գոյապահպանումն ապահովող ոստիկանական մեծ ռեսուրսներ պահպանելու պատճառաբանության ձև ունեն, այլ իրոք երկրում հանցագործների քանակը նվազեցնելու նպատակը։ Ինչպես տեսնում եք, սրանք ոչ թե ծայրահեղ մոտեցումներ են, այլ արդյունքը միայն մեկ մոտեցման, այն է` ինքնախաբեությամբ չզբաղվել և սեփական ազգի առաջընթացի միջոցով մասնակցել համայն մարդկության առաջընթացին։ Այլապես ո՞ւմ է պետք հայը, եթե հավաքական կյանքի իր պատկերացումներում համառորեն մերժելով օգտվել որևէ սոցիալական գիտական ձեռքբերումից, չի կարողանում դուրս պրծնել նախորդ երկու դարի պատկերացումների ճիրաններից։

Հասարակությունը ինչպես կարող է ընդունել նման մոտեցումները։ Մենք պատրա՞ստ ենք արդյոք

Այո, հայ ազգը առայժմ ունակ չէ նման մոտեցումներն ընդունել։ Սակայն դրանք ճիշտ են։ Եթե հանցագործների հետ շփվեք, ու եթե նրանք համարձակվեն իրենց անցյալի մասին ամենայն անկեղծությամբ պատմել, դուք հստակորեն կկարողանաք առանձնացնել սխալ ընտրությունների իրար հաջորդող պահերը։ Հավելյալ ուսումնասիրելով նման պահերը` կնկատեք, որ մանկության, պատանեկության և վաղ երիտասարդական հասակում կայացվող այդ ընտրությունները ունեցել են կամ առողջական նախադրյալներ, ինչպիսիք են օրինակ նեյրոլոգիական բնածին կամ վաղ մանկության շրջանում ձեռք բերված արատները, և կամ ունեցել են սոցիալական պատճառներ։ Այս մոտեցումը այլընրանք չունի, միանշանակ ճիշտ մոտեցում է։

Ինչ վերաբերում է հասարակության դիրքորոշումներին, դրանք կարևոր են այն իմաստով, որ անհատական մակարդակում տարբեր խնդիրների շուրջ մարդիկ իրավունք ունեն մարդկային տարբեր երևույթների վերաբերյալ ձևավորել իրենց կարծիքները։ Սակայն երբ խոսքը հավաքական կյանքի մասին է, կարծիքները փոփոխվում են։ Օրինակ, եթե հարցնեք զարգացած բազմաթիվ երկրների քաղաքացիներին, թե արդյոք հնարավոր է մահապատիժը վերականգնել, մեծամասնությունը կարող է դրական պատասխան տալ։ Սակայն նույն այդ ազգերը բացասական են քվեարկում, երբ հավաքական որոշման պահն է գալիս։ Ի վերջո, գոյություն ունի ազգային ինքնությունից ծնվող ինքնարժևորման մեխանիզմների համակարգ։ Նախընտրում ենք հայ լինել այնպես, որ հայ լինելը համամարդկային արժեքներին չհակասի, այս դեպքում հանրության անունից մարդասպանություն կատարելը բացառել, քանի որ կյանքը համարվում է բարձրագույն արժեք։

Այսքանն ասելով հանդերձ ընդունում եմ, որ դեռևս մենք, որպես հասարակություն, պատրաստ չենք հայեցողական նման փոփոխության։ Սակայն դա անկարելի չէ։ Պարզապես անհրաժեշտ է նախ իրավապաշտպան շրջանակներն ընդունեն այս իրականությունը, ապա սոցիալական տարբեր գիտությունների համալսարանական հեղինակությունները, և հետո լրագրողական ու մտավորական ընտրանին։ Սրանից հետո է, որ հնարավոր կդառնա նման մտքեր ներմուծել մեր ազգային մշակույթում։

Եթե ընդունենք, որ Հայաստանը պատրաստ չէ, ապա ի՞նչ բարեփոխման մասին է խոսքը

Այդ հարցին պատասխանելը դժվար չէ, քանի որ առհասարակ նորարարության պահանջը սկզբում ծնվում ու իրականացվում է փոքրամասնության կողմից։ Համաձայն տարբեր բարեփոխումների թեմաների` տարբեր մասնագետներ են ծնունդ տալիս այդ պահանջներին։ Օրինակ, առողջապահական բարեփոխման ակունքում անպայման կանգնած կլինեն բժիշկները, իրավականի հիմքում իրավաբանները և այլն։ Փորձը ցույց է տալիս, որ քրեակատարողական բարեփոխման ակունքում լինում են հոգեբանները։

Բարեփոխումները հայտնվում են ալիքներով։ Սոցիալական փոփոխությունը նմանվում է պատերազմական առաջընթացներին՝ նախ հարձակվում ու գրավում ես մի տարածք, ապա ամրապնդվում այնտեղ, և ի վերջո` յուրացնում այդ տարածքը։ Այս վերջին հանգրվանը կոչվում է նաև կոնսոլիդացում։ Այս երեք հանգրվաններից առաջինը համեմատաբար փոքրաթիվ մարդկանցով է իրականացվում, օրինակ մագլցում ես քաղաքի պարիսպներն ու թաքուն ներս  մտնում։ Երկրորդն արդեն ամրապնդվող ուժն է, որն առաջինների ձեռք բերածը պահպանելու նպատակ է հետապնդում։ Իսկ երրորդը արդեն ամբողջ ազգն է, որը տեր է կանգնում և որպես հայրենիքի մի հատված` օգտագործում  այդ տարածքը։

Քրեակատարողական համակարգի բարեփոխումը Հայաստանում գտնվում է դեռ այդ պարիսպներից դուրս։ Հայ հոգեբանները, լինեն նրանք իրավաբանական, անձի զարգացման, կլինիկական, թե սոցիալական ոլորտի հոգեբաններ, դեռևս պետք է ապացուցեն, որ ունակ են հյուսիս-եվրոպական փորձը ներդնել, համապատասխանեցնել ազգային մշակույթին, և հատկապես այնպիսի լուծումներ հայտնաբերեն, որ այն համապատասխանի աղքատ պետության նյութական սահմանափակումներին։ Նման աշխատանքն այնքան տարողունակ է, որ այն կարող է 4-ից 7 տարի ժամանակ պահանջել։

Այսօր, հեղափոխությունից հետո, քրեակատարողական համակարգը նույնպես լուրջ փոփոխությունների կարող է ենթարկվել

Ազգի մոտ, նույնիսկ երբ այն հեղափոխության միջոցով է շրջադարձ կատարել, նոր ու հին իրավիճակների միջև միակ հիմնական տարբերությունն այն է լինում, որ սոցիալական փոփոխությունն արդեն դադարում է արգելված լինել։

Մենք այսօր գտնվում ենք բարեփոխումների հնարավորության առաջ։

Հայտնի չէ, թե նոր վարչապետի մտքում քրեակատարողական համակարգի ինչպիսի բարեփոխումներ կան. վստահ եմ, որ կան, քանի որ ինքը նույնպես եղել է դատապարտյալ, նրան նույնպես մատուցել են վատ ճաշ, նրա նկատմամբ նույնպես գործել են ուղղակի ու անուղղակի օպերատիվ միջոցառումներ, նրա նկատմամբ նույնպես եղել են կամայական պատժիչ խուզարկություններ, նրան նույնպես զարմացրել են քրեակատարողական օրենքների բազմիմաստությունը, նա նույնպես զգացել է կառավարական ենթաօրենսդրական հակասական ակտերի միջոցով մնայուն կերպով ու ստիպողաբար կարգը խախտողի կարգավիճակում հայտնվածի վիրավորանքը։ Հետևաբար, գրեթե վստահ կարող ենք լինել, որ քրեակատարողական համակարգում կլինեն կտրուկ փոփոխություններ։

Սակայն դրանք բարեփոխումներ չեն։ Դրանք պարզապես կլինեն ՀՀ-ում արդեն իսկ կիրառության ուժ ստացած, սակայն ենթաօրենսդրական ակտերի հետևանքով չգործող կամ սխալ գործող օրենքների կիրառումը, տրամաբանության ու պատշաճության սահմաններում վերաձևակերպելու քայլեր։ Նա է վարչապետը, ու այդ բոլոր ենթաօրենսդրական ակտերը այսուհետ ի՛ր մենաշնորհն են։

Սակայն պարոն Փաշինյանը պետք է որ ցանկանա, որ տարիներ հետո, իր պաշտոնավարման շրջանը վերհիշելիս, կարողանա գոհ լինել նաև նրա համար, որ ՀՀ քրեակատարողական համակարգը աշխարհի մակարդակով որոշ դրական առանձնահատկություններ է պարունակում։  Նա նույնպես մտածում է, որ հերիք է, ինչքան որ  ներդրել ենք այլ պետությունների փորձը, ու որ ժամանակն է մի շարք առումներով նորարար լինել։ Չեմ բացառում, որ պատժի դոկտրինայի փոփոխություն նույնպես տեղի կունենա։

Ինչո՞վ է առանձնահատուկ բարեփոխման այն առաջարկ-նախագիծը, որը ներկայացվում է

Մենք առաջարկում ենք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ստեղծել գիտահետազոտական մասնաշենք (4րդ մասնաշենքը)։ Այդ մասնաշենքը կլինի ցուցադրական և ժամանակի ընթացքում կվերածվի ապագա քրեակատարողական համակարգի օրինակի։

Նման պրակտիկա գոյություն է ունեցել  տարբեր պետություններում։ Նման պահանջը ծագում է նախ և առաջ այն իրականությունից, որ պատժի մշակույթի և արդյունավետ ուղղման մեթոդների առումով ազգերն իրարից մեծապես տարբերվում են։ Հետևաբար անհնար է copy-past անել օտար փորձը, ու համարել, որ ՀՀ-ի քրեակատարողական համակարգի բարեփոխումն իրականացված է։ Այսինքն, անհրաժեշտ է թե մշակութային ադապտացիա իրականացնել, և թե հաշվի առնել նյութական հնարավոր ռեսուրսները։ Պետք է հասնել նրան, որ իր արդյունքներով, Հյուսիսային Եվրոպայի պետություններին չզիջող համակարգ ստեղծենք, սակայն աղքատ պետությունների համար։ Դա կլինի հայ ազգի ներդրումը այս բնագավառում, որովհետև աշխարհում դեռևս չեն պեղվել ոչ ծախսատար, սակայն նույնքան արդյունավետ քրեակատարողական մեթոդները։

Գիտահետազոտական մասնաշենքի նպատակն է նախ և առաջ սոցիալական տարբեր գիտությունների ներկայացուցիչների միջև ապագա հավանական (աշխատանքային) տեսության կամ մոդելի շուրջ համաձայնության ձևավորումը։ Դրանից կբխեն ատենախոսության թեմաները, որոնք գիտական հանձնաժողովի շուրջ կսկսեն իրականացվել։ Հետազոտության առարկա կդառնան ինչպես դատապարտյալի վարքը, այնպես էլ նրա կրած տառապանքները, հարմարվողական մեխանիզմները, կապվածության խնդիրները, իրավիճակից բխող խնդիրները, այդ խնդիրներին տրվող լուծման ձևերը, հոգեթերապևտիկ մոդելը, ընտանիքներում  դատապարտյալի պատճառով ծագող խնդիրներն ու դրանց տրվող լուծումները, տուն վերադարձող դատապարտյալների խնդիրները, հաշտությունը, վերաինտեգրացումը, և այլ բազմաթիվ թեմաներ, ինչպես նաև քրեական հոգեարժևորման բազմաթիվ գործիքների հայկական ադապտացիայի խնդիրները։ Այս բոլոր թեմաները միասնաբար պետք է ձևավորեն ոչ միայն հայկական ուղղման կամ քրեակատարողական տարբերակը, այլ նաև ծնեն հավանաբար մագիստրատուրայի մակարդակով մի ամբողջ մասնագիտական ճյուղի համար անհրաժեշտ դասանյութերը։

Մասնաշենքը պե՞տք է արդյոք վերածվի համալսարանական միջավայրի

Գոյություն ունեն նման նախագծերի իրականացման տարբեր եղանակներ։ Հայաստանի համար լավագույն տարբերակը տարբեր խմբերից կազմված մեկ ամբողջության ստեղծումն է։ Այդ ամբողջության մաս կկազմեն մեկ համալսարան, մեկ տեխնիկական կրթություն ապահովող հաստատություն, մի քանի հասարակական կազմակերպություններ, քրեակատարողական համակարգը, դատապարտյալների օժանդակության ֆոնդը և տարբեր գործատու հաստատություններ։ Այս բոլորի համագործակցության շնորհիվ մասնաշենքում բնակվող դատապարտյալների առօրյան խիստ կտարբերվի Հայաստանի մյուս քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների առօրյայից նրանով, որ 4-րդ մասնաշենքում դատապարտյալները կզբաղվեն կրթությամբ, տեխնիկական հմտություններ ձեռք բերելով, սոցիալականացմանը նպաստող միջոցառումներով, ինչպես նաև աշխատանքով։ Այսինքն, այս մասնաշենքի մթնոլորտը իրապես ուղղվող դատապարտյալներին բնորոշ մթնոլորտ կլինի, որտեղ հեշտությամբ կկարողանան գործել նաև այցելու գիտաշխատողները։

Արդյոք քրեակատարողական համակարգի ղեկավարությունը կհամաձայնի՞ նման բանի

Չեմ կասկածում, որ նման բովանդակությամբ հոդվածը շատերի ծիծաղն է շարժելու։ Ոչ միայն պետական այրերը դրա հնարավոր արդյունքներին հավատալու պատճառ առայժմ չեն տեսնելու, այլ նույնիսկ դատապարտյալները նման  հնարավորությանը չեն հավատալու, և վստահեցնում եմ, որոշ անվանի իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ նույնպես անիմաստ են համարելու այս նախագիծը։ Սակայն եթե հեղափոխությունը ցույց տվեց, որ մի քանի հոգի կարող են լեռներ շարժել, այստեղ լեռ շարժելու կարիք էլ չկա։ Սա շատ պարզ ընթացակարգ է` հետագայում լավ մտածված և հիմնավոր փոփոխություն կատարելու, ավելի ճիշտ` դրան նախապատրաստվելու համար։ Դրա համար անհրաժեշտ են դատապարտյալներ, որոնք կհամաձայնվեն մասնակցել, մեկ համալսարանական թիմ, որը կվերցնի գործի գիտական կողմի ղեկավարությունը, մեկ գլխավոր աջակից հասարակական կազմակերպություն, որը հանրային ու մտավորականների աջակցությունը կապահովի, առնվազն մեկ գործատու, որը աշխատանքով կկարողանա ապահովել ներգրավված դատապարտյալներին, և վերջապես, ինչը գուցե կարևորագույնն է, մեկ քրեակատարողական հիմնարկի պետ, որը ոչ միայն կընդունի նման բարեփոխման համար նախապատրաստական այս փուլի կարևորությունը, այլ նաև իրո՛ք կհավատա դրա հավանական արդյունքների կիրառական արժեքին։

Ինչպես ՀՀ գրեթե բոլոր այն համակարգերում, որոնց վերաբերյալ տարիների ընթացքում հանրության մոտ բացասական վերաբերմունք է ձևավորվել,  քրեակատարողական համակարգում նույնպես գոյություն ունեն բարեփոխման լուրջ աշխատանքներ իրականացնելու պատրաստ պաշտոնյաներ։ Ի վերջո, հիշեցման կարգով նշեմ, որ օրինակ, հոսանքին հակառակ գնալու պատրաստ միայն մի քանի քրեակատարողական հիմնարկների աջակցությունը բավարար է եղել 2007թ. ցմահականների բուհական կրթությունն իրականություն դարձնելու, ինչու չէ նաև աշխատանքային պայմանագրեր ստորագրելու թույլտվության համար։ Մեր առաջարկը պարզապես նոր տիպի միջավայրի ստեղծման նպատակով միանգամից մի քանի տասնյակ ուսանողի ու աշխատողի մեկտեղումն է։ Հետևաբար, կարող ենք վստահ լինել, որ նման նախագծի իրականացման համար կադրային ռեսուրսները չեն պակասի  ոչ քրեկատարողական  համակարգի ներսում, ոչ էլ մնացած մասնակիցների առումով։

Աղքատ երկրում նման գիտական «զեղություն» առաջարկելը արդյոք կանխահա՞ս չէ

Այո, զեղություն կլիներ, եթե ֆինանսական բեռ դառնար քրեակատարողական համակարգի, կրթության նախարարության և այլ գերատեսչությունների վրա։ Բայց հիշենք, որ մենք խոսում ենք լուծումների մասին, որոնք պետք է հատուկ լինեն աղքատ պետությունների համար։ Ու քանի որ այս խնդիրը բացառապես հայկական խնդիր չէ, մենք վստահ ենք, որ մեկ մասնաշենքի մոտ 40 դատապարտյալների մասնակցությամբ կազմակերպվող այդ գործընթացների համար հնարավոր կլինի լուրջ դոնոր կազմակերպություններ գտնելը։

 Այլ ավելացումներ

Նշեցինք 6 երևույթ, որոնք այսքան ժամանակ անհնար են դարձրել մտածել արդյունավետ քրեակատարողական համակարգ ստեղծելու հեռանկարների մասին։ Մենք չանդրադարձանք դրանցից վերջինին, որի մասին կարևոր է այստեղ անդրադառնալ։

Հայաստանում միջանձնային, ներխմբային ու միջխմբային հարաբերություններում առկա են կարգավորիչներ, որոնք քրեական բնույթ ունեն։ Հանցագործ լինելը այս կամ այն կայսրությունում իրավազուրկի կարգավիճակով ապրողների համար ըմբոստացման, նորմալ վարքը չընդունելու, պետական անհոգատարության, անարգանքի, մշտական հոգեբանական կտտանքի ու արժանապատվության խոցման հանդեպ հակազդեցության կարևորագույն ձևերից մեկն է եղել։ Այդ է պատճառը, որ դարերի ընթացքում այն թափանցել է մեր մշակույթից ներս։ Կամ ստրկամիտ ենք, ու արդարացնում ենք մեզ անարգող անօրեն համակարգը, կամ էլ նման «նորմալ» պահվածքը համարելով նվաստացուցիչ` դառնում ենք հանցագործ։

Այսօր մենք ապրում ենք հոգեբանական հեղափոխություն։ Ստրկամիտ վերոնշյալ պահվածքից ձերբազատվելու ճանապարհն անցնում է նաև ազգային մշակույթից քրեական բաղադրիչները դուրս շպրտելու պարտավորությունով։

Եթե այս հեղափոխությունը նաև ա՛յդ իմաստով հաջողության հասնի, ապա արդեն դատապարտյալի ուղղումը կսկսի տրամաբանական հնչել։

Մինչև վերջերս «ուղղվել»-ը և «անարդար համակարգն արդարացնել»-ը միևնույն բաներն էին նշանակում։ Այսօր արդեն կարող ենք համարձակվել ասելու, որ եթե հասարակությունը ինքնամաքրման է գնում, ապա հանցագործը ուղղվելով նույնպես ինքնամաքրման է ենթարկվում։ Այլապես ի՞նչ է նշանակում հանցագործին ուղղել, երբ ուղղողները մշտապես այլևայլ հանցանքներ են կատարում, և եթե հանցագործը, ազատվելուց հետո, վերադառնալու է մի հասարակության գիրկը, որում ինտեգրվելը նույնն է, ինչ «հանցանք գործել, սակայն չբռնվել»-ը։

Ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունի

                                                        «Արմավիր» ՔԿՀ

Share
No comments yet.

Leave a Reply